«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

«Զարմանքով նկատում էինք, թե որքան չափավոր և սակավապետ են այս կրոնավորները»

«Զարմանքով նկատում էինք, թե որքան չափավոր և սակավապետ են այս կրոնավորները»
26.12.2025 | 17:15

Մեր այս անհանգիստ օրերի համար, կարծում եմ, օգտակար կլինի ընթերցել հետաքրքրություն ներկայացնող պատմական վկայություններ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին։

Այսպես, 1662 թվականին Մայր Աթոռ այցելած ճիզվիտ երկու միսիոներներից մեկը՝ Հրանչոիս Փալիվը, իր ուղեգրության մեջ այսպես է նկարագրել հայ միաբանների ընթրիքը.

«…Նախ հայրապետը (Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը) օրհնեց սեղանը, ինչպես նաև մի քանի հաց, որոնք ձեռքում բռնելով՝ կտոր-կտոր արեց, մի կտորն ինքը վերցրեց, իսկ մնացածը բաժանվեց միաբաններին։ Մենք խնդրել էինք, որ մեզ էլ տան այն, ինչ մյուս կրոնավորներին պիտի տրվեր։ Ինչպես հայրապետին, մեզ էլ մատուցեցին երկու ափսե բակլա, ձիթապտուղ և ծնեբեկ, առանց յուղի ու կարագի, ինչպես նաև կանաչեղեն, իսկ որպես ըմպելիք՝ սառը ջուր։ Զարմանքով նկատում էինք, թե որքան չափավոր և սակավապետ են այս կրոնավորները, որոնք պահքի շրջաններում օրը միայն մեկ անգամ են ճաշում…

Նրանց տարազը քիչ է տարբերվում մեր կրոնավորների տարազից․ մշտապես կրում են կոշտ քուրձ…

Նրանց աղոթասացությունները շատ երկար են…

Նրանց խուցերը շատ փոքր են։ Այն կրոնավորները, որոնք եպիսկոպոսական կարգ են ստանում, կամ նույնիսկ ինքը հայրապետը, ո՛չ իրենց տարազն են փոխում, ո՛չ էլ իրենց կենցաղը։

…[Ս. Էջմիածնի կաթողիկոսն է] ամբողջ Հայաստանի միակ ճշմարիտ հայրապետը… նրա իշխանությունն այնքան մեծ է, որ կարող է եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին զրկել իրենց զբաղեցրած պաշտոններից։ Միայն ինքն է, որ նրանց բոլորին ձեռնադրություն է տալիս, սակայն կղերն ու ժողովուրդն են, որ նրանց իրեն են առաջարկում։ Նա նույնիսկ կարող է ընտրել իր հաջորդին, որի պաշտոնավարությունը հաստատում են եպիսկոպոսները։ Նրա հրամանի տակ են գտնվում հարյուր հիսուն եպիսկոպոս և արքեպիսկոպոս…»։

Աղբյուր՝ Հայկ Պերպերեան, Էջմիածնի վանքը 1662-ին. - Հասկ, 1950, էջ 273-274 (ժամանակակից արևելահայերեն փոխադրությունն իմն է՝ Ա.Ա.)։

Լուսանկարում՝ Ս. Էջմիածնի Մայր Տաճարը 1865թ.։ Նկարը` Ջոն Ուշերի «Ճանապարհորդություն Լոնդոնից Պերսեպոլիս» գրքից։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 208

Մեկնաբանություններ